Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բրիտանիան ակտիվացնում է առևտրական հարաբերությունները Թուրքիայի հետ: Էրդողանն ասել է, որ Թուրքիան ծրագրում է Մեծ Բրիտանիայի հետ ապրանքաշրջանառությունը 15,6 միլիարդից հասցնել տարեկան 20 միլիարդ դոլարի: Նրանց բանակցություններից հետո հայտարարվեց 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (125 միլիոն դոլար) արժողությամբ գործարքի կնքման մասին՝ Բրիտանիան կօգնի Թուրքիային ռազմական ռեակտիվ կործանիչներ ստեղծել:
Թերեզա Մեյն ասել է, որ Բրիտանիայում ու Թուրքիայում կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո առևտրական հարաբերությունները զարգացնելու համար: Իբրև վարչապետ Թուրքիա իր առաջին այցի ժամանակ Մեյը չէր կարող շրջանցել մարդու իրավունքների պաշտպանության հարցը: Հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո երկրում հատուկ դրություն է մտցվել: Նախագահ Էրդողանի հրամանով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, հազարավոր լրագրողներ ու դասախոսներ կորցրել են աշխատանքը՝ իսլամ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ չեզոք չլինելու կասկածանքով, ում Էրդողանը համարում է հեղաշրջման մասնակից: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը հերքում է մեղադրանքները:
«Ես հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիան աջակցել է ձեզ հուլիսի 15-ին, երբ դուք պաշտպանում էիք ժողովրդավարությունը»՝ ասել է Թերեզա Մեյը: «Հիմա կարևոր է, որ Թուրքիան շարունակի ժողովրդավարության աջակցության քաղաքականությունը՝ ընդունելով օրենքի գերակայությունը և կատարելով բոլոր պարտականությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»՝ ընդգծել է նա: Հանդիպման ժամանակ Մեյն ու Էրդողանը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում, Կիպրոսի վերամիավորման խնդիրը, ավիացիոն անվտանգության հարցեր:
BBC
Հ.Գ. ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնեց Թուրքիա, որ Դոնալդ Թրամփից հետո հանդիպի Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ինչ անցում նույնիսկ Թերեզա Մեյի համար: Մայր ցամաքից մայր ցամաք հասավ, որ ասի. «Ես հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիան աջակցել է ձեզ հուլիսի 15-ին, երբ դուք պաշտպանում էիք ժողովրդավարությունը»: Հետաքրքիր է՝ ի՞նչ է հասկանում Մեծ Բրիտանիայի վարչապետը ժողովրդավարություն ասելով, առավել ևս՝ «ժողովրդավարության պաշտպանություն»: Իսկ «ժողովրդավարական» խաղերի անվան տակ երկու երկրների ԵՄ-ից դուրս գալուց հետո ու ԵՄ-ին չանդամակցելու դեպքում համագործակցությունն է: Փաստորեն Ռուսաստանը մրցակից է ստանում ի դեմս Մեծ Բրիտանիայի՝ Թուրքիան իր շահերի համար ծառայեցնելու մեջ, և եթե Թերեզա Մեյը հարկ է համարում ասել՝ «Հիմա կարևոր է, որ Թուրքիան շարունակի ժողովրդավարության աջակցության քաղաքականությունը՝ ընդունելով օրենքի գերակայությունը և կատարելով բոլոր պարտականությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», Պուտինին դա բնավ չի հետաքրքրում, ուրեմն՝ ո՞ւմ կընտրի Էրդողանը: Հաշվի առնելով բրիտանական ու ռուսական տեխնոլոգիաների տարբերությունը և ֆինանսական ներդրումների հեռանկարները՝ «ժողովրդավար» Էրդողանը մտածելիք ունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ